ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 29 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
2012-02-10

ՀՀ սփյուռքի նախարարության 2012թ. աշխատանքային գործունեության ծրագիրը


1. Սփյուռքի երիտասարդների Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն» ծրագիր


«Արի տուն» ծրագիրն իրականացվում է երկշաբաթյա փուլերով, որի ընթացքում սփյուռքահայ երիտասարդները, բնակվելով հյուրընկալ ընտանիքներում, հնարավորություն են ունենում ճանաչելու հայ ընտանիքի ավանդույթները, շփվելու հայ երիտասարդության հետ, ծանոթանալու իրենց հասակակիցների հետաքրքրություններին, ստեղծելու կապեր, շրջագայելու և ծանոթանալու Հայաստանի պատմական տեսարժան վայրերին, բնության գեղատեսիլ անկյուններին, ունենալու բազմաբնույթ հանդիպումներ պետական, հասարակական և մշակութային գործիչների հետ, հայրենագիտության դասեր առնել Հայրենիքում, սովորելու ազգային պարեր և երգեր, ինչպես նաև հասակակիցների հետ արդյունավետ ժամանակ անցկացնելու «Արի տուն» ամառային ճամբարում: Ծրագիրն իրականացվում է 8 փուլերով.


• 1-ին փուլ` հունիսի 10 - հունիսի 23
• 2-րդ փուլ` հունիսի 17 - հունիսի 30
• 3-րդ փուլ` հուլիսի 1- հուլիսի 14
• 4-րդ փուլ` հուլիսի 8 - հուլիսի 21
• 5-րդ փուլ` հուլիսի 22 - օգոստոսի 4
• 6-րդ փուլ` հուլիսի 29 - օգոստոսի 11
• 7-րդ փուլ` օգոստոսի 12 - օգոստոսի 25
• 8-րդ փուլ` օգոստոսի 19 - սեպտեմբեր 1

2. «Իմ Հայաստան» փառատոն


Փառատոնի նպատակն է նպաստել Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք կապերի և համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը, Սփյուռքում հայ մշակույթի, մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, սատարել Հայրենիքի և Սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացմանը, համատեղ ծրագրերի մշակմանը և իրականացմանը:
Փառատոնի շրջանակներում նախատեսվում են հետևյալ միջոցառումները.
• «Հայ գրականության օրեր» - ապրիլի 18-23
• «Պարարվեստի օրեր» - հունիսի 29 - հուլիս 10
• «Երգչախմբային արվեստի օրեր» - հուլիսի 27 - օգոստոս 7
• «Անհատ կատարողների օրեր» - հունիս - հոկտեմբեր
• «Դուդուկի համահայկական մրցույթ - փառատոն» - սեպտեմբերի 14-20
• «Լրատվամիջոցների և լրագրողների համահայկական 6-րդ - համաժողով» - հոկտեմբերի 4-7


3. Սփյուռքի նշանավոր անհատներին նվիրված` «Մեր մեծերը» խորագրով մեծարման միջոցառումների կազմակերպում և անցկացում


«Մեր մեծերը» ծրագիրը նպատակ ունի հայրենասեր անհատների, ազգային գործիչների ճանաչողությամբ և մեծարմամբ նպաստել երիտասարդ սերնդի մեջ ազգային իրական արժեքների նկատմամբ հայրենասիրության հետաքրքրության, արդյունքում` ազգային ինքնության ձևավորման:


«Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում Հայաստանում և Սփյուռքում իրականացվում են Սփյուռքի նշանավոր անհատների և կազմակերպությունների մեծարման միջոցառումներ, կազմակերպվում են հեռուստահաղորդումներ, տպագրվում են գրքեր, պատրաստվում են գրքույկներ, թերթոններ, ձայնագրություններ և տեսահոլովակներ:
2012թ. «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկված են


• Սայաթ-Նովայի /300-ամյակ/
• Հովհաննես Բաղրամյանի /115-ամյակ/
• Հովսեփ Օրբելու /125-ամյակ/
• Գարեգին Հովսեփյանի /145-ամյակ/
• Գառզուի /Գառնիկ Զուլումյան/ /105-ամյակ/ անունները:

4. «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» համահայկական մրցանակաբաշխություն


Մրցանակաբաշխությունը կազմակերպվում է Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ:
Ծրագրի նպատակն է խրախուսել, գնահատել հայապահպանության ուղղությամբ կազմակերպությունների և անհատների նվաճումներն ու ձեռքբերումները: 2012թ. համահայկական մրցանակաբաշխության շրջանակներում անցկացվելու են.


• «Լավագույն լրատվամիջոց»
• «Լավագույն հայագիտական կենտրոն»
• «Մայրենիի պաշտպան»
• «Մենք եղել ենք, կանք և կլինենք» ստեղծագործությունների մրցույթ
• Ստեղծագործական և գիտական աշխատանքների մրցանակաբաշխություն
անվանկարգերով մրցույթները:


Ստեղծվելու է «Մայրենիի դեսպան» մեդալ, որը կտրվի մայրենիի պահպանման, տարածման և զարգացման գործում նշանակալի ավանդ ունեցող անձանց:


5. Ուսումնական և հանրամատչելի գրականության հավաքում և առաքում համայնքներին


Ծրագրի շրջանակներում կազմակերպվում է Սփյուռքին տրամադրվող ուսումնական և հանրամատչելի գրականության հայտերի ստացումը և դրանց համակարգումը, ամբողջացումը, ապա նախատեսված ծավալներով ապահովվում է անհրաժեշտ ուսումնական գրականության առաքումն ըստ հասցեների: Հայտերը ստացվում են Սփյուռքի կրթօջախներից` սահմանված ձևաչափով, ինչպես նաև համայնքների ղեկավարներից և ՀՀ դեսպանատներից:


6. «Սփյուռք» ամառային դպրոց


Ծրագրի նպատակն է Սփյուռքի համար կենտրոնացված ձևով Հայաստանը դարձնել հայոց լեզվի, հայ ազգային մշակույթի ուսումնասիրության և ուսուցիչների վերապատրաստման կենտրոն: Դպրոցը գործելու է ԵՊՀ բազայի վրա` 2-3 շաբաթ տևողությամբ, դասընթացների ձևով: Դպրոցն ունենալու է 5 բաժին.
• Երիտասարդ առաջնորդների դպրոց
• Սփյուռքի լրագրողների դպրոց
• Հայոց լեզվի արագացված դասընթաց
• Սփյուռքի կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման դասընթաց
• Սփյուռքի մշակութային գործիչների, երգի, պարի ուսուցիչների, խմբավարների վերապատրաստման դասընթաց

7. Աջակցություն համայնքների կայացմանը


Ծրագրի շրջանակներում ըստ պահանջի իրականացվում է հայկական խորհրդանիշների առաքում համայնքներ /զինանշան, դրոշ, հայոց այբուբեն, Հայաստանը ներկայացնող խտասալիկներ, ֆիլմեր, նկարներ և այլն/:


8. Տարածքային համագործակցության և համահայկական մշակութային ծրագրեր


Ծրագրի շրջանակներում նախատեսվում են Հայաստանից մշակութային խմբերի այցելություններ տարածաշրջաններ և Սփյուռքից` Հայաստան, համերգային ծրագրերի իրականացում:


9. Մասնակցություն ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի սփյուռքագետների պատրաստման գործընթացին


Սփյուռքագիտության ոլորտում կադրերի պատրաստման և վերապատրաստման նպատակով 2009թ. նախարարության նախաձեռնությամբ ԵՊՀ-ում ստեղծվել է Սփյուռքագիտության ամբիոն` մագիստրոսական ծրագրով:


Ծրագրի շրջանակներում մշակվում են ուսանողներին ներկայացվող հետազոտությունների թեմաները, կազմակերպվում են դասաախոսություններ, պրակտիկաների ղեկավարում, ինչպես նաև լուծվում է տարեկան 12 ուսանողի վարձավճարի հարց:


10. Գիտական և գիտատեխնիկական գործունեության հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտություններ


Ծրագրի շրջանակներում մշակվում են Սփյուռքի պատմության վերաբերյալ հետազոտման 8-10 թեմաներ և պատվիրվում են ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտներին, ԵՊՀ-ին, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամին: Հրատարակված աշխատանքները ուղարկվում են Սփյուռքի հայ համայնքներ:


11. Տեղեկատվական նյութերի /ֆիլմեր, տեսահոլովակներ, հոդվածներ, հեռուստա և ռադիո հաղորդումներ, գովազդ/ պատրաստում կամ պատվիրում, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի հրապարակման և կայքի սպասարկման աշխատանքների վերահսկողություն և համապատասխան նյութերի տրամադրում, տեղական և Սփյուռքի հայ մամուլի հրապարակումների ուսումնասիրություն և ամփոփում

12. ԱՊՀ հայ համայնքներում կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության ծրագրերի մշակում և իրականացման աշխատանքների համակարգում


ՀՀ կառավարության նիստում 2011թ. հաստատվել է ԱՊՀ տարածաշրջանի հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն աջակցության ծրագիրը:
Համայնքները աջակցության կարիք ունեն կրթության գործի կազմակերպման, մշակութային շփումների և համահայկական ծրագրերում ներգրավվելու հարցերում: Ծրագրից բխող միջոցառումները նախատեսում են ուծացման դեմ պայքարի, հայապահպանության ուղղությամբ գործնական քայլերի իրականացում:


Ծրագրի շրջանակներում նախատեսվում են.
• ԱՊՀ երկրների հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստում տեղերում
• Ռուսախոս և ուկրաինախոս հայերի միջավայրում հայագիտական առարկաների ուսուցման ծրագրերի, դասագրքերի, ուսումնամեթոդական նյութերի ձեռքբերում և տրամադրում համայնքներին
• Աջակցություն հայկական համայնքներում մեկօրյա դպրոցների ցանցի ընդլայնմանը
• «Հայ ասպետ» հեռուստախաղի կազմակերպում՝ տարածաշրջանի հայկական կրթօջախների աշակերտների մասնակցությամբ
• Հայրենագիտական առարկաների գծով աշակերտական օլիմպիադաների և շարադրության մրցույթների կազմակերպում համայնքներում
• ԱՊՀ երկրների բուհերի հայ ուսանողների ուսումնական, արտադրական, նախադիպլոմային պրակտիկաների կազմակերպում Հայաստանում
• Աջակցություն տարածաշրջանի կրթական հաստատություններում հայագիտական կենտրոնների հիմնման, գիտակրթական հաստատություններում ուսումնական ծրագրերում հայագիտական դասընթացի ներդրման գործին
• Հայաստանի մշակութային համույթների, ստեղծագործական խմբերի, անհատ կատարողների համերգների, ներկայացումների կազմակերպում համայնքներում
• Տարածաշրջանում գործող հայկական երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հավաք-հանդիպումների կազմակերպում
• Տարածաշրջանի թատերախմբերի և գեղարվեստական ինքնագործունեության համույթների մասնակցությամբ «Ես իմ անուշ Հայաստանի» ամենամյա փառատոնի կազմակերպում
• Տարածաշրջանի հայկական լրատվամիջոցների հենքի վրա ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային բազմալեզու օրաթերթի թղթակցային կետերի ստեղծում
• Ծրագրի իրականացման պատասխանատու անձանց գործուղումներ տարածաշրջանի հայ համայնքներ

13. Իրաքահայերի ինտեգրման ծրագրի իրականացում


Ծրագրի շրջանակներում իրականացվում են ՀՀ-ում բնակվող իրաքահայերի ինտեգրմանն ուղղված միջոցառումներ, մասնագիտական կողմնորոշման, լեզվի ուսուցման դասընթացներ:

14. Հարավային /Լատինական/ Ամերիկայի հայ համայնքներին կրթամշակութային խնդիրների լուծման աջակցության ծրագիր


Ծրագրի շրջանակներում իրականացվում են մշակութային խմբերի այցելություններ տարածաշրջանային համայնքներ, գրքերի, ֆիլմերի, խտասալիկների առաքում և այլն:

15. «Հայկական սփյուռք 2012թ.» տարեգրքի տպագրություն


«Հայկական Սփյուռք» տարեգիրքը ամփոփ ներկայացնում է Սփյուռքում տեղի ունեցած առավել հիշարժան ձեռնարկները, Հայաստանում և Սփյուռքում համահայկական կազմակերպությունների, հոգևոր կառույցների, Հայ համայնքների կրթամշակութային հաստատությունների, ՀՀ պետական մարմինների և ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացված հիշարժան ծրագրերն ու միջոցառումները:


16. Սփյուռքի հայագիտական կենտրոնների ղեկավարների համաժողովի կազմակերպում


Ծրագրի շրջանակներում նախատեսվում է բոլոր երկրների հայագիտական կենտրոնների ներկայացուցիչների հավաք, որի ընթացքում, ի թիվս քննարկվող հարցերի, կամփոփվեն նաև «Լավագույն հայրենագիտական կենտրոն» մրցանակաբաշխության արդյունքները:


17. «Հայկական սփյուռքի վիրտուալ թանգարան»


Ծրագրով նախատեսվում է ներկայացնել հայկական սփյուռքը` վիրտուալ տարբերակով:


18. Արևմտահայերենից արևելահայերեն և հակառակը թարգմանչական ծրագիր


Ծրագիրը հնարավորություն է ընձեռում իրականացնել բարդ մասնագիտական տեքստերի արագ և որակյալ թարգմանություն: Ծրագրով նախատեսվում է ընդլայնել թարգմանչական ծրագրի շտեմարանը:
Կայք. translator.am


19. Էլեկտրոնային գրադարանի համալրում
«էլեկտրոնային գրադարան» ծրագրի շրջանակներում ստեղծվելու և անընդհատ համալրվելու են համահայկական հայալեզու գրադարանային ռեսուրսները: Ծրագրի նպատակն է համահայկական հայալեզու էլեկտրոնային գրադարանի ստեղծումը:
Կայք. lib.mindiaspora.am


|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38